+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Արդյո՞ք հարկադիր կատարողն իրավունք ունի բռնագանձում տարածել պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա:

Հարկադիր կատարողն իրավունք ունի օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում բռնագանձում տարածել պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների, կուտակային և կամավոր կուտակային կենսաթոշակների, կրթաթոշակի և մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրությունների, պետական կենսաթոշակների վրա, սակայն ոչ թե դրանց ամբողջ գումարի, այլ որոշակի տոկոսի վրա: Մասնավորապես`

– աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից, կուտակային և կամավոր կուտակային կենսաթոշակներից, կրթաթոշակի և մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրություններից կարող է պահվել մինչև 75%, եթե բռնագանձումը կատարվում է ալիմենտ վճարելու կամ առողջությանը, կերակրողի մահվամբ պատճառված վնասը կամ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու նպատակով,

– այլ պահանջների բավարարման նպատակով նշված եկամուտներից կարող է պահվել մինչև 50%,

– պարտապանի պետական կենսաթոշակներից կարող է պահվել մինչև 30%:

Ի՞նչ անել, եթե աշխատավարձը և այլ եկամուտներն արգելադրվել են ամբողջությամբ:

Պարտապանի բանկային հաշիվների վրա արգելանք դնելիս հարկադիր կատարողը տեղեկություն չունի` արդյոք այդ հաշիվներով պարտապանը աշխատավարձ կամ այլ եկամուտներ ստանում է, թե ոչ: Ուստի, եթե քաղաքացու աշխատավարձը կամ այլ եկամուտներն արգելադրվել են ամբողջությամբ, ապա դրանց վրա կիրառված արգելադրումը լրիվ կամ մասնակի վերացնելու համար անհրաժեշտ է հարկադիր կատարողին ներկայացնել աշխատանքի վայրից (կամ այլ եկամուտ վճարողից) տեղեկանք, որտեղ պետք է նշված լինի նաև աշխատավարձի (եկամտի) չափը, բանկը, որի միջոցով ստանում է աշխատավարձը (եկամուտը), և այն հաշվեհամարը (գործատուի կամ այլ եկամուտ վճարողի հաշվեհամարը), որից փոխանցվում է աշխատավարձը կամ այլ եկամուտը:

Ի՞նչ եղանակով է հնարավոր տեղեկանալ հարուցված կատարողական վարույթների և հարկադիր կատարողի կողմից կիրառված արգելանքների մասին:

Քաղաքացին իր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներին կարող է ծանոթանալ կայքի Կատարողական վարույթների տեղեկատու բաժնից՝ մուտքագրելով համապատասխան տվյալները ։

Հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելուց անմիջապես հետո պարտավորության չափով արգելանք է դնում պարտապանի գույքի և/կամ դրամական միջոցների վրա: Հարկադիր կատարողի որոշման պատճենը ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ ձևով ուղարկվում է պահանջատիրոջը և պարտապանին։

Պարտապանի գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքի մասին պարտապանը կարող է տեղեկանալ մինչև համապատասխան փոստային ծանուցումը ստանալը, եթե օգտվում է հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի վրա առկա Telegram Messenger հավելվածից: Վերջինիս միջոցով կապ է հաստատվում ԴԱՀԿ բոտ-ի հետ, և օգտատերը, հավաքելով Հանրային ծառայությունների համարանիշը՝ ՀԾՀ-ն (սոցիալական քարտի 10 նիշանոց թիվը), վայրկյանների ընթացքում կարող է ստանալ տեղեկություն իր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթների, յուրաքանչյուր նոր հարուցված կատարողական վարույթի, արգելանքների կիրառման և դրանց վերացման մասին։

Հարուցվող կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին ծանուցում հնարավոր է ստանալ նաև SMS հաղորդագրության միջոցով: Անհրաժեշտ է բջջային հեռախոսից զանգահարել 060-713-402 հեռախոսահամարին,  ապա հետևելով հրահանգներին՝ հավաքել հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) և գրանցվել Ծառայության SMS ծանուցումների գրանցման շտեմարանում։

Թույլատրվու՞մ է արդյոք պարտապանին պատկանող միակ բնակարանի (կացարանի) վրա բռնագանձում տարածել։

2017թ. մարտի 1-ից ուժի մեջ է մտել «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները, որոնց համաձայն՝ պարտապանին պատկանող միակ բնակարանը, որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից, համարվում է բռնագանձման ոչ ենթակա գույք, ուստի այն չի կարող իրացվել պարտապանի պարտավորությունների համար: Իսկ եթե միակ բնակարանն իրացվի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը կվերադարձվի պարտապանին:

Այս կանոնները չեն գործելու այն դեպքերում, երբ.

– բնակարանը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար, 

– բավարարվում են ալիմենտայինկյանքին կամ առողջությանը կամ հանցագործության պատճառված վնասների հատուցման պահանջները:

Նշված օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2017թ. հուլիսի 13-ին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել է քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը, այն է՝ 4.900.000 ՀՀ դրամ:

Քաղաքացի-պարտապանի բռնագանձման ոչ ենթակա միակ բնակարանի բաժնեմասի նվազագույն գումարը որոշվում է նշված որոշման 1-ին մասով նախատեսված գումարի և քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի բաժնեմասի արտադրյալով:

Նշված փոփոխությունը տարածվելու՞ է նախկինում հարուցված կատարողական վարույթներով պարտապաններին պատկանող միակ բնակարանի (կացարանի) վրա։

Նշված փոփոխությունը տարածվում է օրենքի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կատարողական վարույթների վրա: Այսինքն՝ մինչև 01․03․2017թ․ հարուցված կատարողական վարույթներով պարտապանին պատկանող միակ բնակարանը համարվում է բռնագանձման ենթակա գույք։

scroll
+374 60 713438